National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.06.2021
Արտահերթ նիստում պատգամավորներն ընդունեցին երկրորդ ընթերցմամբ քննարկված հարցերը
1 / 4

Խորհրդարանը հունիսի 4-ին շարունակեց արտահերթ նիստի աշխատանքները:

 Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ չի ներկայացվել որեւէ առաջարկ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը: Նրա խոսքով` նախագծի կարգավորումների առանցքում ոչ թե բիզնեսն է, այլ ՀՀ քաղաքացիները, որոնք գնում են կատարելու նորակառույցներում: Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը, որը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Առաջին ընթերցումից հետո նախաձեռնության վերաբերյալ որեւէ առաջարկ չի ներկայացվել:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը: Նա, կարեւորելով նախաձեռնության ընդունման հրատապությունը, կոչ արեց կողմ քվեարկել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը:

Կառավարության եւ ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Նա նշեց, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է փոփոխություններ: Առաջարկվում է հնարավորություն տալ պարտադիր գնման երաշխիքից հրաժարվող անձին ստանալու լիցենզիա եւ կառուցելու վերականգնվող էներգետիկայի ռեսուրսով  կայաններ: Կառավարությունը նաեւ առաջարկում է ինքնավար էներգաարտադրողների բոլոր կետերում սպառումն ավելացնել 50 կՎ-ով` դարձնելով 1050 կՎ:

Հարակից զեկույցում Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամողջությամբ ընդունելու համար քննարկվեց Կառավարության հեղինակած ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկ է ներկայացրել պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որն ընդունվել է:

Գլխադասային` ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Վանիկ Օհանյանը:

Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Գլխադասային`  ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ քվեարկություն: Պատգամավորները քննարկված բոլոր հարցերն ընդունեցին երկրորդ ընթերցմամբ:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստի աշխատանքները:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am